ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Թող Քո կամքը կատարվի»

«Թող Քո կամքը կատարվի»
20.04.2012 | 00:00

Ժամանակակից մարդուն օդի, ջրի, կրակի պես ան-հրաժեշտ է առողջ, ստեղծագործ լավատեսություն։ Մեզ անհրաժեշտ են նոր, ստեղծագործ գաղափարներ։ Մենք միաժամանակ պետք է նայենք և՛ դեպի խորքը, և՛ հեռուն։ Մենք պետք է ցանկանանք ճիշտը, ընդ որում, ցանկանանք ուժեղ կամքով։ Եվ հավատանք, որ գալիք նորոգումը մեզ կհաջողվի։ Մենք պետք է ձեռնամուխ լինենք ապագա խնդիրների լուծմանը` արժանապատվությամբ և հանգստությամբ, միաժամանակ մեծագույն, ստեղծագործ ինքնամփոփվածությամբ, քանզի մեր ջանքերի հաջողությամբ է պայմանավորված համաշխարհային պատմության հետագա զարգացումը։ Կյանքի բոլոր բնագավառներում կպահանջվեն ահռելի ճիգեր, քանզի խոսքը կրոնական, մշակութային, սոցիալական և քաղաքական նորոգման մասին է։

Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ ճիշտ հոգևոր լավատեսություն։ Մինչդեռ կյանքում առկա է սխալ, կեղծ լավատեսությունը։ Բավական չէ «լավ տրամադրությունը», քիչ է «ոչ մի վատ բան չկռահելը»։ Թեթևսոլիկ զվարճասերը միշտ «լավ տրամադրություն» ունի, իսկ կարճատես միամիտն ընդհանրապես ոչինչ չի կռահում։ Սեփական ուժերին հավատալը և մյուսներին հանգստացնելը բավական չեն. ինքնահավանությունը կարող է վնասել ստեղծագործելուն, իսկ լավատեսությունը չի տանում անպայման դեպի «հանգստություն»։ Լավատեսությունը մարդկանց չի տրվում ի ծնե. այն ձեռք է բերվում հոգևոր հասունացման ընթացքում։ Լավատեսությունը չի ենթադրում, թե անպայման պետք է հասնել հաջողության ու երջանկության։ Պատմության ընթացքը կարող է խոստանալ հետագայում ոչ թե վերելք, այլ անկում, և լավատեսը չի կարող չտեսնելու տալ այն։ Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ լավատես։

Այսպիսով, գոյություն ունեն կեղծ լավատեսություն և հոգևոր-ճշմարիտ լավատեսություն։

Կեղծ «լավատեսը» շարունակ լավ տրամադրության մեջ է այն պատճառով, որ տրամադրության մարդ է ու տրված է սեփական, զուտ սուբյեկտիվ վիճակներին։ Նրա «լավատեսությունը» չունի առարկայական հիմքեր։ Նա ապրում է ինքն իր համար, պատմության խորքային հոսանքներից դուրս, մեծագույն համաշխարհային իրադարձություններից դուրս։ Նա «լավատես է» միայն այն պատճառով, որ ունի առողջ, հավասարակշռված օրգանիզմ և չի տառապում հոգևոր աններդաշնակությունից։ Նրա «լավատեսությունը» վերաբերում է հենց իրեն, գուցե նրա անձնական գործերին։ Բայց մեծագործությունների տեսակետից նա քիչ բան է տեսնում, գուցե և ոչինչ, իսկ եթե ինչ-որ բան տեսնում էլ է, ապա տեսնում է աղոտ և գնահատում է ոչ ճիշտ։ Հոգևոր խնդիրների առջև նա մակերեսային է ու թեթևամիտ. նա չի տեսնում ո՛չ նրանց խորությունը, ո՛չ էլ նրանց թափը, ու այդ պատճառով շատ հեշտ է ընդունում սին երևութականը որպես իսկական իրողություն։ Ահա թե ինչու նա չի տեսնում Աստծո ո՛չ շողերը, ո՛չ խորհրդանշանները։ Այդ պատճառով նրա «լավատեսությունը» ֆիզիոլոգիայի տեսակետից բացատրելի է, հոգևոր իմաստով` պատճառաբանված, սակայն առարկայորեն և մետաֆիզիկորեն հիմնավորված չէ։ Նրա «լավատեսությունը» անձնական երազկոտության կամ նույնիսկ մեծամտության արտահայտություն է, որը կարող է հասցնել իսկական անհեթեթությունների։

Բոլորովին այլ բան է իսկական լավատեսի հոգում։ Նրա լավատեսությունը չի վերաբերում առօրյա կենցաղին իր բոլոր մանրուքներով, դաժանությամբ և աղտեղությամբ։ Ամենօրյա կյանքը կարող է բարդել մեզ վրա ահավոր բեռ, զրկանքներ ու տառապանքներ, սակայն դա ամենևին չի ազդում նրա լավատեսության վրա, քանզի նա այդ փորձություններին նայում է որպես փրկություն տանող նախապատրաստական աստիճանների։ Նա նկատի ունի մարդկության խնդիրների ամբողջությունը, աշխարհի ճակատագիրը և գիտե, որ այդ ճակատագիրը ղեկավարում ու սահմանում է Աստված, այդ պատճառով այն զարգանում է որպես մեծագույն և կենդանի դրամա։ Ահա նրա լավատեսության իրական և խորագույն աղբյուրը։ Նա գիտե, որ աշխարհն Աստծո ափերի մեջ է, ու ձգտում է ճիշտ ըմբռնել այդ ափերի, այդ ձեռքի արարող էությունը, և ոչ միայն ըմբռնել, այլև կամավորապես իրեն հանձնել այդ բարձրագույն և ողորմած ձեռքի տնօրինությանը («թող Քո կամքը կատարվի»)։ Նա ցանկանում է «աջակցել», ծառայել Աստծո գործին և ծրագրին։ Նա տեսնում է, որ աշխարհում հասունանում և աճում է Աստծո ինչ-որ գործվածք, Աստծո արքայության կենդանի հյուսվածք. նա կանխազգում է այդ գործվածքի տեսարանը և ուրախանում այն մտքից, որ կհաջողվի մտնել նրա մեջ որպես կենդանի մի թել։

Դա նշանակում է, որ նրա լավատեսությունը վերաբերում է ոչ այնքան մարդկային, որքան Աստծո գործին։ Նա հավատում է պայծառ ապագային, մոտեցող Արքայությանը, որովհետև զգում է, որ այն իրագործվում է Աստծո կողմից։ Իսկ նրա գլխավոր խնդիրն է ճիշտ ըմբռնել և ճիշտ կատարել միայն իր համար նախասահմանված ծառայությունը։

Ճանաչելով իր տեղն Աստծո ծրագրում և գտնելով իր սեփական ծառայությունը, նա ձգտում է լավագույնս իրականացնել սեփական կոչումը` իրագործել սեփական լավատեսությունը։

Իսկական լավատեսը երբեք չի գերագնահատում սեփական ուժերը։ Նա գիտե, որ ինքն Արարչի ձեռքում ընդամենը երկրային թել է, որն ամեն վայրկյան կարող է կտրվել։ Բայց քանի դեռ նա ապրում է երկրի վրա, նա ցանկանում է տոկալ և հավատարմորեն ծառայել։ Այդպիսի մարդը ղեկավարվում է կամքով, որը տանում է նրան դեպի հաղթանակ։ Եվ այնտեղ, որտեղ հոռետեսը կորցնում է իր կամքը և շփոթվում իրադարձությունների առաջ, որտեղ կեղծ լավատեսը տրվում է սեփական տրամադրություններին և չի կարողանում հաղթահարել դժվարությունները, այնտեղ իսկական լավատեսը հաղթահարում է յուրաքանչյուր խնդիր։ Սթափ ու արթուն հետևում է նա իրադարձություններին, չտրվելով վախին ու չգերագնահատելով վտանգը։ ՈՒ ինչքան ավելի ճիշտ է նա տեսնում իրականությունը, այնքան ավելի լավ է հասկանում, թե կամքի ինչպիսի ուժ և տոկունություն են պահանջվում իրենից։ Նա ուժեղ կամքի տեր մարդ է, նվիրյալ այն գործին, որին ծառայում է, և սնում է սեփական կամքի հոսանքն Աստծո աղբյուրից։

Իսկ կամքը սքանչելի և խորհրդավոր զորություն է, որը միշտ կարող է դառնալ շատ ավելի հզոր և անկոտրում, քան թվում է արտաքինից։ Իսկական լավատեսի կամքն ուժի շնորհ է կամ ինքնահզորացման արվեստ, ջանքերի կենդանի անսահմանություն` «հոգևոր perpetuum mobile»:

Իսկական լավատեսը տեսնում է պատմության ժամանակակից ընթացքը, զննում է նրա էությունն ու իմաստը Աստծո ծրագրում և ուժ է առնում կամքի անսահման աղբյուրից, որը շնորհված է Աստծո կողմից։ Նա անսասան հավատում է սեփական գործի հաղթանակին, քանզի նրա հաղթանակն այն Աստծո գործի հաղթանակն է, որին նա ծառայում է երկրի վրա։ Իսկ երբ վրա են հասնում հոգնածությունը կամ անվճռականությունը, նա աղոթքով դիմում է սեփական կամքի ու սեփական կյանքի վերջին աղբյուրին` Աստծուն։

Եվ այդ ժամանակ ամեն մի անհրաժեշտ բան ուղարկվում է նրան, ու նա շարունակում է իր ծառայությունը։


Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ